Այն մասին, որ դերասանուհի, երգչուհի Քեթրին Մանասյանը հանգստի է մեկնել Վրաստան ու երգել Բաթումիում գործող սրճարաններից մեկում, esyes.am-ն արդեն պատմել է: Այդ թենմայով խոսեցինք դերասանուհու հետ, ով օրերս է վերադարձել հայրենիք. վերջինս esyes.am-ին ասաց. «Այդ լուրերն ուղղակի ծիծաղելի էին ինձ համար. մարդիկ գլխավորը մի կողմ թողած չնչին բաների մեջ են խորանում: Նախ ասեմ՝ ես իմ կյանքում շատ լուրջ գործեր եմ արել, որոնց համապատասխան էլ` բավականին արժեքավոր պատվոգրեր ու մրցանակներ եմ ստացել, ինչու՞ այն ժամանակ այդ ամենը չկարևորեցին ու չանդրադարձան, սպասեցին իրենց հարմար մի բան լինի, սենսացիա անեն: Ես առաջին անգամը չէի երգում, որ այդպես զարմացել էին ու գրել, թե Քեթրինը հայրենիքից դուրս երգչուհու կարիերա է սկսել: Արդեն տասնվեց տարի է, ինչ ես երգում եմ Հայաստանի տարբեր, բավականին հայտնի ջազ ակումբներում: Ժամանակին նաև ջազ մի խմբի սոլիստն էի, որը, ցավոք, հիմա ցրվել է` անդամների երկրից գնալու պատճառով»:

Դերասանուհու խոսքերով՝ ինքն այս տարի Բաթումի մեկնելուց աշխատելու նպատակ չի ունեցել: «Բաթումիում հյուրընկալվեցի վաղեմի ընկերներիցս մեկին, ում հետ երկար տարիներ աշխատել ենք, ինքն այնտեղ սրճարան էր բացել, ու այդ օրն էլ նոր երաժշտական տեխնիկա էր տեղադրել, ինձ խնդրեց, որ փորձարկեմ ու կարծիքս հայտնեմ. ես էլ նրան չմերժեցի, ինքս էլ շատ եմ սիրում երգել,- ասաց Քեթրինը` հավելելով,- դրանից հետո էլ մի քանի անգամ, երբ ինքս ցանկություն եմ ունեցել, վերցրել եմ միկրոֆոնն ու երգել: Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, թեկուզ աշխատեի, աշխատանքի մեջ ամոթ բա՞ն կա»:

Դերասանուհու հավաստմաբ՝ այն լուրերը, թե իբր նրա հանդիսատեսն ընդամենը երկու հոգի է եղել, չի համապատասխանում իրականությանը: «Զարմանում եմ, որտեղի՞ց են նման բաներ հնարում, ինչ է, որ տեսախցիկի առաջ մի քանի հոգի են երևում ուրեմն վե՞րջ, տարածքը դատա՞րկ է: Միայն մի բան կասեմ, այդ սրճարանը միշտ լեփ-լեցուն էր, հանդիսատեսի շարքերում ոչ միայն հայեր, այլ նաև օտարերկրացիներ կային»,- նշեց Քեթրինը՝ ավելացնելով, որ իր ունեցած մի քանի ելույթից հետո այլ ակումբներում երգելու առաջարկներ է ստացել:
Դերասանուհին նշեց, որ նախորդ տարի Բաթումիի «Taq five» ակումբում հանդես է եկել համերգային ծրագրով. «Այդ ակումբում երկու ժամանոց համերգային ծրագիր ունենալու առաջարկը հենց իրենց կողմից էր: Հրաշալի անցավ, ասեմ, որ այդ բեմում հանդես է եկել նաև աշխարհահռչակ երգիչ Սթինգը»:

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Քեթրինը նշեց. «Դեռ նոր եմ վերադարձել հանգստից, կարծում եմ, դեռ տարբեր համագործակցությունների առաջարկներ կլինեն, այժմ միայն գեղեցկության սրահի հարցերով եմ զբաղվում (դերասանուհին Երևանում գործող գեղեցկության սրահներից մեկի տնօրենն է,- հեղ.)»:
Անձնական կյանքին վերաբերող հարցերին ի պատասխան էլ, Քեթրինն ասաց. «Իմ անձնական կյանքում միշտ նորություններ կան, ինչպես միշտ, ամեն բան հրաշալի է»: