
Նշանակված օրից դեռ մի քանի ամիս առաջ մանրամասնորեն նախապատրաստում ես զգեստդ, կոշիկդ, այլ աքսեսուարներ, որովհետև ամբողջ կյանքում հստակ իմացել ես, թե քո հարսանեկան ոճն ինչպիսին է լինելու: Գուցե վերջնականապես կողմնորոշվելու համար մի քանի թարմ տարբերա՞կ է հարկավոր: Մենք առանձնացրել ենք չորս ոճական ուղղվածություն, որոնք քեզ կօգնեն որոշում կայացնել:
Հավերժ դասականը
Փա՛ռք Աստծո, ճարտարապետական բարդ կառույցներ հիշեցնող սանրվածքներն արդեն վաղուց անցյալում են: Այսօր ոճաբաններն օգտագործում են հատուկ աքսեսուարներ՝ անհրաժեշտ տեղերում լրացուցիչ ծավալ ստանալու համար: Այնպես որ, նույնիսկ ոչ այնքան խիտ ու երկար մազեր ունենալու պարագայում սանրվածքդ ճոխ տեսք կունենա:
Առավելությունը։ Դասական ոճը միշտ գեղեցիկ է. սխալվելու հավանականություն պարզապես չկա:
Թերությունը։ Ամեն դեպքում դասականությունը մշտապես նույնացվում է պահպանողականության հետ. այնպես որ, նոր ու համարձակ բան արած չես լինի:
Ազատ թռիչքի մեջ
Ազատ թափված, մեղմ ալիքներով, երբեմն մանր ծաղիկներով զարդարված մազերը վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ են տեղ գտնում հարսնացուների կերպարներում: Մյուս կողմից, եթե մի ժամանակ նորաձև էին խիտ խոպոպները, ապա հիմա գեղեցիկ են համարվում թեթև, համարյա ամբողջությամբ բացված ալիքները:
Առավելությունը։ Ալիքաձև երկար մազերը քո ամենագեղեցիկ աքսեսուարը կլինեն՝ օդով ու կենսուրախությամբ լցնելով կերպարդ:
Թերությունը։ Այս սանրվածքը մի քանի ժամ հետո գզգզվելու վտանգի տակ է. այնպես որ, օգտագործիր ճիշտ ֆիքսող գել կամ դիմիր «ճիշտ» ոճաբանի օգնությանը:
Անմեղ ռետրո՞, թե՞ համարձակ ապագա
1950-ական թթ. ձևավորված ռոքաբիլլի երաժշտական ուղղությունը մեծ ազդեցություն ունեցավ նորաձևության վրա: Նույնանուն սանրվածքն այսօր նորից մեծ ճանաչում է ստացել աստղերի շրջանում, և, բնականաբար, այսօր՝ 21-րդ դարում, այն հարմար է հանդիսավոր առիթների համար: Թող քո «ռոքաբիլլի»-ն դառնա յուրօրինակ անհատականության բարձրաձայնումը:
Առավելությունը։ Վստահ եղիր, որ այս սանրվածքով դու կդառնաս հարսանեկան սեզոնի սենսացիան, ու բոլորը կքննարկեն քո կերպարը:
Թերությունը։ Ցանկացած համարձակ քայլ պետք է ճիշտ կատարում ունենա, համապատասխանի քո դիմագծերին ու կյանքի կոչվի մասնագետի կողմից:
Հյուսված պատմություն
Գագաթին ու քունքերին կիպ հավաքված մազերի փոխարեն փորձիր հյուսերով թույլ սանրվածքի բազմաթիվ տարատեսակներից մեկը: Մազերի մանր ու մեծ ոլորանների փայլը, մազափնջերի սեթևեթ խաղը հատկապես գեղեցիկ են շագանակագույն, դարչնագույն և խարտյաշ մազերի վրա:
Առավելությունը։ Ավելի նուրբ, կանացի, եթերային սանրվածք դժվար է մտածել. այն, ի տարբերություն դասականի, մշտապես հաջողված լինելով հանդերձ' նաև շատ նորաձև է:
Թերությունը։ Հյուսերով սանրվածքները ևս հեշտությամբ քանդվելու հատկություն ունեն. այնպես որ, մի քանի լրացուցիչ մազակալը չի խանգարի: