Վերջերս հաճախ են քննարկում, թե դերասանուհի Շուշաննա Թովմասյանին առաջ է տանում հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն: Խոսակցությունների սկզբնաղբյուրը հասկանալու և թեմայով անհանգստացողների հետաքրքրությունը բավարարելու համար զրուցեցինք դերասանուհու հետ:
Պարզվում է՝ Շուշաննան այս խոսակցությունների մասին վաղուց գիտեր. բանն այն է, որ նա և Մկոն հարևաններ են, ու ժամանակին մարդիկ խոսում էին, թե հենց Մկոն է նրան տարել «Արմենիա» հեռուստաընկերություն ու աշխատանքի տեղավորել «Դժվար ապրուստում»:)
«Բոլորը գիտեն, որ Մկոն մեր հարևանն է: Երբ իմացա, որ «Տնփեսայում» Մկոյի հետ եմ խաղալու, առաջինը հենց այդ խոսակցությունները հիշեցի: Կանխատեսում էր, որ շուտով մարդիկ նորից խոսելու են, թե Մկոն է ինձ առաջ տանում ու չսխալվեցի: Այս ընթացքում շատ եմ լսել, թե Մկոյի շնորհիվ եմ նախագծում,- ասաց Շուշաննան ու հավելեց, որ որպես հարևաններ Մկոյի հետ շատ մտերիմ չեն եղել և շարունակական շփում չեն ունեցել: -Տարիներ առաջ Մկոյենք գնեցին մեր բնակարանը, իսկ մենք տեղափոխվեցինք կողքի մուտք: Մեր ծանոթությունն այդ ժամանակ է եղել: Դրանից հետո, երբ պատահաբար հանդիպել ենք, բարևել ենք իրար, սակայն մշտական շփում չենք ունեցել»:
Անդրադառնալով «Տնփեսայում» խաղալու առաջարկին՝ Շուշաննան նշեց, որ այն ստացել է պրոդյուսերից՝ Դավիթ Բաբախանյանից: «Նկարահանվելու առաջարկ ստացա, երբ Սանկտ Պետերբուրգում էի: Սկզբնական շրջանում նույնիսկ համարս չեն կարողացել գտնել ու հենց ձեր խմագրության միջոցով են իմացել մենեջերիս՝ Լիլիթի հեռախոսահամարը և կապ հաստատել նրա հետ: Լիլիթն ինձ նկարագրեց՝ ինչ կերպար է լինելու, եկա Հայաստան, հանդիպեցի Դավիթ Բաբախանյանի հետ ու քննարկեցինք մանրամասները: Որպես խաղընկեր՝ նկարահանումների օրն եմ ծանոթացել Մկոյի հետ,- ասաց Շուշաննան ու հավելեց, որ ժպիտով է ընդունել կանխատեսելի բամբասանքը: -Ինչ-որ տեղ անգամ ուրախ եմ, որ դա որպես բամբասանք կա, սակայն ինձ հրավիրել են որպես Շուշաննա Թովմասյան»:
Շուշաննայի հետ խոսեցինք նաև նոր կերպարի մասին: Դերասանուհին դժվարացավ գնահատական տալ իր խաղին, սակայն նշեց, որ սա այն էր, ինչ ինքը ցանկանում էր: «Ես նշել էի, որ ուզում եմ Էլենից տարբերվող դերով ներկայանալ: Կարծում եմ՝ ինձ մոտ դա ստացվեց: Բնականաբար, կլինեն մարդիկ, ում դուր չի գա կերպարս կամ խաղս, սակայն պետք է նշեմ, որ մեծ մասամբ դրական կարծիքներ եմ լսել: Ուրախ եմ, որ ոչ թե դոփում եմ տեղում, այլ առաջ եմ գնում»,- նշեց դերասանուհին ու հավելեց, որ Էլենի կերպարն իր համար առանցքային է եղել, ինչի համար շնորհակալ է Դիանա Գրիգորյանին, սակայն ուրախ է այդ կերպարից դուրս գալու համար: